ԱԶԳԻ ՎԻՃԱԿԸ

Ծեծված ու ջարդված, հալածված ազգը
Ոչ մի մխիթարանք, սփոփանք չունի,
Սփյուռը աշխարհիս տարածված ազգը,
Հայրենիք դառնալու ճիգ ու ջանք չունի:

Տանում է զրկանքը անխոս լուռ ու մունջ,
Ա՜խ է քաշում, սրտից հանելով մրմունջ,
Չարչարվում է այլոց համար անտրտունջ,
Խեղճը իրեն համար աշխատանք չունի։

Տեր աստված, կոտրված սրտերը շինե,
Վատ օրերուն լավ օրեր փոխարինե,
Ինձ ասում են, ուրախ երգեր հորինե,
Մտածում եմ՝ հայը ուրախ կյանք չունի։

Ջիվան, հայը իր կրոնը թող չի տալ,
Ուզում է հայ ապրել, հավետ հայ մնալ,
Բնավ նա մի ազգի վատ չի կամենալ,
Յուր մեջ զրպարտություն, պարուրանք չունի։

1897