ՍՈԽԱԿ Соловей

 

Ձայնդ ինձ գրավեց, ինձ վերա տիրեց,
Մի թռնիր, մի գնար, կաց այստեղ, սոխակ,
Մի թռնիր իմ մոտից, սիրտս քեզ սիրեց,
Թեև չունիմ պարտեզ փառահեղ, սոխակ։

Սիրե քու հին վարդդ, կյանքդ տուր նորան,
Հին թշնամին քեզ չի լիներ սիրեկան,
Հեռացիր, մի անել փուշն ապաստան,
Նա ճանկ ունի որպես մեծ ասեղ, սոխակ։

Դու վարդից էլ գոհ չես, գիտեմ, ով սոխակ,
Բայց չես կարող գտնել նորա պես ծաղիկ,
Էլի նա է ծաղկանց միջին անդրանիկ,
Բնությանդ հարմար ու անմեղ, սոխակ։

Ջիվան, բացի աստված, ամեն առարկա
Բնական օրենքով կանցնի կընթանա,
Ինչ բան սկիզբ ունի՝ վերջ էլ կունենա,
Ոչ ոք մնալու չէ միշտ շքեղ, սոխակ։