Армянский музей Москвы и культуры наций

View Original

Ո՛Վ ՍԻՐՈԻՆ, ՍԻՐՈՒՆ

 

Աշխարհն ընդհանուր քո սիրույդ համար քաշում է փափագ, ո՛վ սիրուն, սիրուն,
Չի լինի քեզ պես ամենայն երկիր փայլուն արուսյակ. ո՛վ սիրուն, սիրուն,
Կստանաս համբավ, քիչ էլ սպասե, կուգա ժամանակ, ո՛վ սիրուն, սիրուն.
Փառք ու պատիվդ քեզի՛ կըհանձնեն քույրիդ նմանակ. ո՛վ սիրուն, սիրուն,
Եդեմյան ծաղիկ, հայրենի հողով սնված մանուշակ, ո՛վ սիրուն, սիրուն.
Հոգիդ անարատ, տեսքդ գերազանց, մեկ հատ օրինակ, ո՛վ սիրուն, սիրուն:

Սրտիս ու հոգույս մխիթարություն քեզանով է միշտ, ո՛վ դեղատու կին,
Հույսս դրած եմ ես բոլորովին սիրելույդ վրա, աշխարհատիկին։
Ազնիվ թագուհի, շնորհոք լեցուն, այցելությունդ է մեզ կաթոգին,
Զարգացած մտքով եվրոպացու պես, թեև ասում են քեզ ասիածին.
Ընտրում են քեզի շատ սիրահարներ աշխարհիս մեջը սրտով լալագին,

Բացի քեզանից թե լույս էլ չինի, չէ մեզ ընդունակ, ո՛վ սիրուն, սիրուն:
Ի՞նչ կլինի արդյոք արժան համարես դեպի մեր կողմը գաս այցելության,
Փափագդ քաշող, տեսնո՞ւմ ես, շատ կան, պատկերդ ցույց տուր լինինք բավական.
Քեզ սիրողներուն դու մի չարչարիր, քիչ խնամք արա, անուշ սիրեկան,
Լո՛ւր պաղատանքս, ո՛վ իմ սիրուհի, վիրավոր սրտիս տուր դեղ ու դարման. 
Ոչ դու մեզի պես կարող ես գտնել, և ոչ մենք քեզի մեկ համանման։

Ախ, պիտի տեսնի՞մ ես քու երեսդ, թե պիտի մեռնիմ թերի փափագով,
Այրում ես դու ինձ ամենայն միջոց անարատ սիրույդ անշեջ կրակով.
Գոնե ամիսը լուր տուր մի անգամ, տեղդ իմանանք փոքր նամակով, 
Քեզի է կապված մի մեծ ընտանիք հաստատուն հույսով, բախտով, վիճակով,
Հասկացի միտքս թե ի՛նչ եմ ասում, քեզի խնդրում եմ ի՛նչ նպատակով.
Խոսքիս համեմատ շարժվիր, գեղեցիկ, գործե շարունակ, ո՛վ սիրուն, սիրուն:

Իշխանուհիներ աշխարհիս շատ կան` բայց մեզ անօգուտ, իմացիր հաստատ.
Նոքա ոտա՛ր են, չեն սիրեր սրտով, կեղծ ու պատիր են, արտաքին և վատ,
Ուրեմն մոտ եկ, դո՛ւ իմ սիրելի, իմ արենակից տիկին, հարազատ,
Քո սերդ սուրբ է, ո՛վ սիրուն անմեղ, բարքով ու վարքով, սրտով անարատ.

Մաղթում եմ սրտով մնաս անխափան միշտ վեհ անունով անկախ ու ազատ,
Խղճալի երգիչ Ջիվանուս համար մնաս հաջողակ — ո՛վ սիրուն, սիրուն։

1881